ՄԱՍԻՍԻՆ ՄՈՏԻԿ

Դու այսօր այնքան մաքո՜ւր ես, Մասի՜ս,
Գոյներդ այնպէս ջի՜նջ են, նրբերա՜նգ,
Ասես չես նիւթուած քար ու աւազից,
Այլ ջրաներկով գծուած ես բարակ:

Այնպէս խաղաղ ես աշխարհին նայում,
Եւ այնպէս մե՛րն ես, մօտի՜կ, մտերի՜մ,
Ասես չեն բերել քեզ դաւ ու արիւն,
Քեզ չեն բաժանել քո որդիներից:

Ասես Արաքսը՝ զայրոյթից գունատ,
Իմ ու քո միջեւ չի սառել այսպէս,
Ու թէ այս ճամբով մի քի՜չ էլ գնամ,
Մի քի՛չ էլ քայլեմ՝ հասնելու եմ քե՜զ...

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ